Օրերս Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհուրդը (CNA) հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ նախաստորագրված երկու արձանագրությունների վերաբերյալ հայտարարությամբ,- հաղորդում է Արգենտինայի հայկական համայնքի Diario Armenia թերթը։ Ինչպես եւ հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ, CNA-ն անընդունելի է համարում այդ արձանագրությունների շատ կետեր եւ, առաջին հերթին, Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից փաստաթղթերի վերջնական վավերացման համար սահմանված ժամկետները։
CNA-ի կարծիքով, 6-ամսյա ժամկետը տնտեսական ու դիվանագիտական ճնշում է Հայաստանի վրա, որը վտանգի տակ է դնում երկրի ազգային անվտանգությունն ու հայերի իրավունքները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախատեսվում է ստեղծել ենթահանձնաժողով, որը զբաղվելու է պատմական իրադարձությունների ու արխիվների անաչառ ու գիտական հետազոտմամբ։ Դա Թուրքիայի նպատակն է, որը մտադիր է կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը եւ բարդացնել այդ հանցագործության ճանաչումը միջազգային մակարդակով։
Այդ գործողություններով Թուրքիան մտադրվում է թաքցնել մարդկության դեմ կատարված հանցագործությունը։ Մեծ կասկած է հարուցում թուրքական կառավարության անկեղծությունը՝ նկատի ունենալով մերժման նրա դիրքորոշումն ու բոլոր նրանց հետապնդումը, ովքեր համարձակվում են ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը (Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը)։
Ըստ CNA-ի, բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան, առաջին հերթին, պետք է ճանաչի Ցեղասպանության փաստը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Հիշենք Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի այն խոսքերը, թե սահմանների բացման հստակ ժամկետներ դեռեւս չեն սահմանվել, եւ որ Թուրքիան չի ձեռնարկի Ադրբեջանի ազգային շահերին հակասող քայլեր։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Թուրքիան հետագայում եւս շարունակի դավանել նման քաղաքականություն՝ օգտվելով իր հարեւանի տնտեսական խոցելիությունից։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ցեղասպանության մերժման Թուրքիայի դիրքորոշումը, որը կյանքի է կոչվում այդ արձանագրությունների միջոցով»։




























