Նախնական տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունից տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան: Պայթյունի պահին «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալից Մոսկվա-Երեւան չվերթն էր կատարում «Արմավիա» ընկերության չվերթը, իսկ Երեւանից Մոսկվա էր թռչում «Սիբիր» ավիաընկերության օդանավը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի քաղաքավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը՝ նկատելով, որ ներկայումս ճշտվում են, թե եղե՞լ են արդյոք Հայաստանի քաղաքացիներ օդանավակայանում պայթյունի պահին:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Հայաստանի ԱԳՆ-ն տվյալ դեպքում պարզում է, թե կա՞ն արդյոք հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի պայթյունից տուժածների ցանկում:
Նշենք, որ Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում հունվարի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում պայթյուն է եղել, կան զոհեր:
Ականատեսի վկայությամբ, երկու վիրավորներին հանել են ուղեբեռի հանձնման գոտուց:
Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը:
Զոհերի թիվը հասել է 23-ի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























