ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն այցելել է Կիեւում գտնվող ՎՈՒԱՄ-ի քարտուղարություն: Հանդիպման մասնակիցները ընդգծել են այդ երկու երկրների միջեւ երկխոսության կարեւորությունը եւ միմյանց տեղեկացրել իրենց առաջիկա հանդիպումների գրաֆիկին: Մասնավորապես ԵԱՀԿ անդամ երկրները նախարարական մակարդակով հանդիպում են անցկացնելու Աթենքում, իսկ ՎՈՒԱՄ երկրների ԱԳ նախարարները հանդիպելու են Նյու Յորքում:
Երկու կազմակերպությունները քննարկել են համագործակցության կոնկրետ ծրագրեր, հատկապես կազմակերպված հանցավորության դեմ պայքարում եւ սահմանապահային համագործակցության ոլորտում:
ԵԱՀԿ կողմից այս հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայում ԵԱՀԿ նախագծերի համակարգող եւ դեսպան Լյուբոմիր Կոպայը, նախագծերի գծով ավագ աշխատակից Ռենե Բիբոն, ինչպես նաեւ քաղաքական հարցերի ապահովման ստորաբաժանման աշխատակից Ֆրանչեսկո Պագանին: ՎՈՒԱՄ քարտուղարության կողմից հանդիպմանը մասնակցել է քաղաքա-իրավական հարցերով ծրագրերի համակարգող Գեորգի Նազարովը:
Հիշեցնենք, որ ՎՈՒԱՄ-ը միավորում է նախկին խորհրդային մի քանի հանրապետություններ (Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա եւ Մոլդովա), որի ստեղծումն ընկալվում էր որպես Արեւմուտքի նախագիծ եւ ԱՊՀ-ին այլընտրանք:



















