«Նորֆոլկ» ընկերությունն այս պահին գտնվում է փակման գործընթացում: Այս մասին հունիսի 15-ին  Հայաստանի կառավարության շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Այս գործընթացը, նրա խոսքով, գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների անմիջական հսկողության ներքո: ««Նորֆոլկ» ընկերությունը իրականացնում է նույն գործառույթները, ինչպ սրանից առաջ, սակայն՝ պետության, ներքին անվտանգության մեր աշխատակիցների անմիջական վերահսկողության տակ»,- պարզաբանեց Անանյանը:
Ընդ որում, նա նշեց, որ այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ պետության մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն կստեղծվի, որը եւ կիրականացնի նույն գործառույթները, սակայն՝ ավելի թափանցիկ:

Պաշտոնյանը բացառեց այն հնարավորությունը, որ նոր ընկերությունը կարող է շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնել: Անանյանը շեշտեց, որ նոր ընկերություն ստեղծելով պետությունը ցանկանում է ցույց տալ, որ պատրաստ է ստանձնել այն պարտավորությունները, որոնք չեն կարող ստանձնել ոչ պետական ​​կառույցները, ինչպիսին էլ որ լինեն: «Եվ մենք, փաստորեն, լուծում ենք մասնավոր ձեռնարկատերերի խնդիրները, որոնք ֆիզիկական անձինք են եւ հագուստի շուկայում նրանք այդքան էլ շատ չեն: Այսինքն, բրենդային կամ խոշոր ընկերությունները չեն օգտվի «Նորֆոլկ» ընկերության կամ դրան «հաջորդող» ընկերության ծառայություններից», - նշեց ՊԵԿ-ի ղեկավարը:

Հիշեցնենք, որ «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության գործով ձերբակալվել է 3 անձ՝ գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ հաշվապահական ծառայության գծով տնօրենը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության շրջանակներում հանցավոր սխեմա է հայտնաբերել: Հարկային փաստաթղթերում գումարների անհասկանալի արտացոլման արդյունքում ընկերությունը պետական ​​բյուջե չի վճարել շուրջ 7 մլն դոլար: Ընկերության ղեկավարի կողմից հասցված վնասի մեծ մասը պետությանը փոխհատուցելուց հետո ձերբակալվածները երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ ազատ են արձակվել: