«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առիթով քննված քրեական գործով մեղադրական դատավճիռ է կայացվել:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 21-ին Արտաշատ քաղաքի ճանապարհին կատարվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով տեսանկարահանում կատարելու ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը բռնության կիրառմամբ խոչընդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից անմիջապես ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և ընունվել վարույթ, Արուս Հակոբյանը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարչական այլ միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 21-ին ժամը 15-ի սահմաններում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը գտնվել է Երասխ-Երևան մայրուղու Արտաշատ քաղաքի հատվածում և որպես լրագրող լուսաբանել է տեղի ունեցող իրադարձությունները: Երբ նա մոտեցել է այդ տարածքում գտնվող քաղաքացի Ա. Ղ.-ին, վերջինս, չցանկանալով որպեսզի իրեն նկարահանեն, ձեռքով հարվածել է իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի տեսախցիկին, այնուհետև ձեռքով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին՝ նրան պատճառել ֆիզիկական ցավ, ինչով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:
Ապրիլի 30-ին կատարած հանցագորության համար Ա.Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել, որ զղջում է կատարվածի համար: Մայիսի 24-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է քրեական գործով մեղադրական եզրակացություն և գործի հետ միասն ուղարկվել Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Տուժող Արուս Հակոբյանը դիմում է ներկայացրել դատարան, որ Ա.Ղ.-ի նկատմամբ բողոք եւ պահանջ չունի: Լրագրողը և նրա ներկայացուցիչը չեն առարկել դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ: Արդյունքում դատարանի կողմից քրեական գործն ընդունվել է վարույթ և կիրառվել դատական քննության արագացված կարգ: Հունիսի 12-ին դատարանի դատավճռով Ա.Ղ.-ն դատապարտվել է տուգանքի` 250.000 ՀՀ դրամի չափով:




























