Ուկրաինական «Կոմերսանտ Ուկրաինա» թերթը հունվարի 24-ին կրկին անդրադարձել է օղու եւ սիգարետի առեւտրի ոլորտում հայ-ուկրաինական կոնֆլիկտին։ Թերթը մեջբերել է Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության ԱՀԿ պայմանների իրականացման մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռոման Բուգայի խոսքերն այն մասին, որ ուկրաինական արտահանողները Հայաստանում կբախվեն նոր խնդրի։

Թեեւ, ըստ սույն պաշտոնյայի, Հայաստանը համաձայնել է ծխախոտի եւ ալկոհոլի ներկրման պարագայում կիրառել նույն դրույքաչափերը, ինչ տեղական արտադրողների համար, սակայն համարյա կրկնակի բարձրացրել է լիցենզավորման տուրքը։ Այսպես՝ սահմանվել է, որ ներմուծվող 250 հազ. լիտր օղու դիմաց պետք է գանձվի 30 մլն դրամ (մոտ 85 հազ. դոլար) տուրք, այնինչ տեղական արտադրողները ամբողջ տարվա համար վճարում են 15 մլն դրամ (42,5 հազ. դոլար)՝ անկախ արտադրության ծավալներից։ Ռ. Բուրան նշել է, որ եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա Ուկրաինան նոր գործընթաց կսկսի Հայաստանի դեմ Առեւտրի Համաշխարհային կազմակերպությունում։

Չի բացառվում, որ ԱՀԿ-ում Հայաստանի դեմ այլ առարկություններ եւս ներկայացվեն: Նշվում է, որ Հայաստանը չի խոչընդոտում ուկրաինական ապրանքանիշերի անօրինական օգտագործմանը։ Խոսքը վերաբերում է «Ալեքս Գրիգի» կողմից «Խորտիցա», «Մեդոֆֆ», «Փրայմ» եւ «Խլեբնի դար» ապրանքանիշերի օգտագործմանը:

Մեկնաբանելով ուկրաինական կողմի այս հայտարարությունները՝ Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ որեւէ իրավական հիմք չի տեսնում ԱՀԿ շրջանակներում նոր վարույթ սկսելու համար: