Էջմիածին քաղաքում  գիշերը հանգիստ է անցել, քաղաքապետը իր հացադուլ հայտարարած օգնականի` Արսեն Կարապետյանի հետ գիշերել է կենտրոնական հրապարակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը:

«Մի քանի տասնյակ աջակիցների հետ քաղաքապետը մնացել է հրապարակում, գիշերը խաղաղ է եղել, ոստիկանները իրավիճակը հսկել են: Առավոտյան հրաժարական պահանջողները պետք է գային, որպեսզի հաշտության նստարանին նստեին, սակայն չեն եկել: Քաղաքապետը պատրաստվում է ժամը 12:00-ին գնալ մարզպետի հետ հանդիպման»,- ասաց նա:

Էջմիածնի քաղաքապետի ընկերը՝ Արսեն Կարապետյանը, որը հացադուլ էր հայտարարել, հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է հացադուլը, քանի որ մարզպետը կողմերին հաշտության կոչ է արել եւ հրավիրել հանդիպման։   

Նշենք, որ այս պահին Էջմիածնի կենտրոնական հրապարակը փակ է քաղաքապետի աջակիցների կողմից, սակայն քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը գնում է մարզպետի հետ հանդիպման, իսկ իրենց հավաքը դադարեցնում են։  «Հանիդպումից հետո, եթե հարկ լինի, Արսեն Կարապետյանը կշարունակի հացադուլը»,-ասել է քաղաքապետը։

նրա հրաժարականը պահանջողները այս պահին դեռ հանրահավաք չեն անցկացնում, սակայն մտադիր են անցկացնել: Նրանք չեն ընդունել մարզպետի հրավերը եւ չեն գնալու հանդիպման։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզպետը այսօր ժամը 12:00-ին հանդիպման է հրավիրել Կարեն Գրիգորյանին եւ նրա հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչներին: Էջմիածնի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել գնալ հանդիպման: