Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հայտարարել է, որ Կիևը աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած էներգետիկ հրադադարին և ամերիկյան կողմից սպասում է պայմանավորվածությունների մանրամասներին։
Զելենսկին հայտնել է, որ նախաձեռնությունը քննարկել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
«Ուկրաինան աջակցում է հրադադարին, և կարևոր է, որ Ռուսաստանում ևս այն աջակցեն։ Ամերիկյան կողմից սպասում ենք մանրամասների», — գրել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Կիևը աջակցում է լարվածության նվազեցմանը, մարդկային կյանքերի պաշտպանությանը և պատերազմի ավարտին միտված քայլերին։
«Մեր՝ ուկրաինական կողմից միշտ կա լիակատար աջակցություն դեէսկալացիոն քայլերին, կյանքի պաշտպանությանը և պատերազմի դադարեցման ու երկարաժամկետ խաղաղության երաշխավորման համար անհրաժեշտ որոշումներին», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։





























