Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Ուկրաինան և նրա առաջնորդը չեն կոտրվի ռուսաստանյան ագրեսիայի դեմ պայքարում։ Նա նաև հավաստիացրել է ուկրաինացի նախագահին Լեհաստանի և Եվրոպայի կողմից լիակատար աջակցության մասին։
«Այսօրվա՝ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցից հետո ես լիովին համոզված եմ, որ ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային և նրա նախագահին ռուսաստանյան ագրեսիայի դեմ պայքարում։ Ես նրան հավաստիացրել եմ, որ նա կարող է հույս դնել Լեհաստանի և Եվրոպայի լիակատար համերաշխության վրա՝ ուկրաինացի ժողովրդի հետ», — գրել է Տուսկը X սոցիալական ցանցում։
Լեհաստանի վարչապետի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային կոչ էր արել ընտրել նոր առաջնորդ, որը կկարողանա պայմանավորվել պատերազմի ավարտի շուրջ։ Ի պատասխան՝ Զելենսկին հայտարարել է, որ նախագահի ընտրությունը ուկրաինացի ժողովրդի գործն է, և ընդգծել, որ Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60 օր ժամկետով լիակատար հրադադարի։





























