Հայ ամենատաղանդավոր շախմատիստներից մեկը՝ Լեւոն Արոնյանը, օրերս կրկին տոնեց իր հերթական մեծ հաղթանակը։ Իսպանական Բիլբաո քաղաքում կայացած «Մեծ սաղավարտ-2009» մրցաշարում Լեւոնը հաղթող է ճանաչվել մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ։ Այդ կապակցությամբ Արոնյանը նշել է. «Անկեղծ ասած, չէի սպասում, որ հաջողությունը կտրվի այդքան հեշտությամբ, առավել եւս, որ առաջին տուրում ես պարտվեցի Գրիշչուկին։ Նրա հետ պարտիան շատ հետաքրքիր ստացվեց. ափսոս, որ ժամանակը չբավարարեց որոշ մտադրությունների իրականացման համար։ Սակայն, երբ ես զգացի, որ մրցակիցներն ինձ հետ պարտիաներին շատ լուրջ են տրամադրված, ինձ հավաքեցի ու աստիճանաբար ուղղեցի իրավիճակը»։
Արոնյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում Բասկերի երկրի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարին եւ նշում է, որ անցյալ տարվա մրցաշարը շատ ավելի հետաքրքիր էր, քանի որ այն ժամանակ դրան մասնակցում էին շախմատային այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Անանդն ու Թոփալովը։ Հետաքրքրական է, որ անցյալ տարի հայ գրոսմայստերը նույնպես 13 միավոր էր վաստակել բոլոր պարտիաների արդյունքում, սակայն այն ժամանակ նա նման արդյունքի էր հասել 6 մասնակիցների շարքում։ Իսկ այժմ համանման հաջողության է հասել արդեն 4 մասնակիցների շարքում։
Իր առաջիկա ծրագրերի մասին Արոնյանն ասել է, որ «ծրագրում է մասնակցել մեծ շախմատիստ Միխայիլ Տալի հիշատակին նվիրված ավանդական մրցաշարին։ Այն տեղի է ունենալու Մոսկվայում նոյեմբերի 4-19-ը։ Սպասվում է, որ մրցաշարը չափազանց ուշագրավ կլինի»։




























