Հայաստանում սկսված քաղաքական գործընթացները կարելի է ողջունել: Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը:

Նա պարզաբանեց, որ խոսքը համակարգային փոփոխությունների, դատական համակարգի անկախության ապահովման, պետական ինստիտուտների աշխատանքի թիրախավորման մասին է: Սակայն, ողջունելով այս ամենը, անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանում այժմ տեղի ունեցողը պետք է որպես հող եւ հիմք ծառայի բացասական երեւույթների դեմ պայքարի համար:

«Քանի որ այս բոլոր երեւույթները՝ լինի դա կոռուպցիա, անօրինականություն, անպատժելիություն, ամենաթողությունը, դատական համակարգի անկախության բացակայություն, զանգերի միջոցով արդարադատությունը, չափազանց բացասական են, եւ այդ երեւույթները պետք է ամբողջովին արմատախիլ արվեն Հայաստանում»,- նշեց Պողոսյանը:

Դրա համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ առաջին հերթին փոխեն իրենց մտածելակերպը, վարքը եւ աշխատանքի մեթոդները: Անհրաժեշտ է քննադատել ոչ թե հանցագործություն կատարած առանձին անձանց, այլ՝ հենց երեւույթը: Ընդ որում, փոփոխությունները պետք է լինեն այնքան խորը, որպեսզի ապագայում հնարավոր չլինի վերադառնալ հին համակարգին: