Հայաստանի ԱԳՆ-ն պատշաճ ժամկետներում կտեղեկացնի հայ — թուրքական նախաստորագրված արձանագրությունների հետ կապված բոլոր գործողությունների, այդ թվում` ստորագրման ժամկետների մասին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով թուրքական մամուլի հաղորդումները, թե արձանագրությունների ստորագրումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին:

Նշենք, որ մասնավորապես, նման տեղեկատվություն է տարածել թուրքական «Milliyet» թերթը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Ըստ թերթի` արձանագրությունները ստորագրելու են երկու երկրների արտգործնախարարները:

«Ֆրանսպրես» գործակալությունն էլ տեղեկացրել է, որ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրակ Օզյուգերգինը չի հերքել, որ արձանագրությունները կարող են ստորագրվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ: Օզյուգերգինն ասել է. «Մենք մեկ ամիս ունենք … Կարծում եմ, ստորագրումը տեղի կունենա այդ ժամկետին մոտ ինչ-որ ժամանակ»: