Գլենդելում բնակվող հայերից կան մարդիկ, որոնք հիմա ոչ միայն պատրաստ են, այլ նաեւ բռնել են հայրենիք վերադառնալու ճանապարհը։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին «Հայաստան-Սփյուռք կապեր, ներդրումներ եւ ներգաղթի հեռանկարներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

Նա առանձնացրեց հայերի երկու խավ, որոնք պատրաստ են վերադառնալ Հայաստան. «Առաջին խավը, որ պատրաստ է ներգաղթել հենց այս պահին, այն մարդիկ են, որոնք հոգեբանորեն շատ կապված են մնացել հայրենիքին, նախընտրել են հայրենիքում ապրելը, սակայն հեռացել են ինչ–ինչ պատճառներով՝ արդարության բացակայության հետեւանքով, իրենց կամ իրենց երեխաների ապագայի նկատմամբ հավատի կորստի հետեւանքով։ Այս խավի մեջ կան մարդիկ, որոնք արդեն վերադարձել են հայրենիք։ Որքան Հայաստանում ընթացող այս գործընթացները խորանան ու արդյունքները տեսանելի լինեն, այնքան այս խավը կընդլայնվի»,–նշեց նա։

Երկրորդ խավը, որոնց Զարեհ Սինանյանը տեսնում է որպես պոտենցիալ ներգաղթողներ, ԱՄՆ–ում բնակվող սոցիալապես անապահով հայերն են։ Գլենդել քաղաքի քաղաքապետը պատմեց, որ մանավանդ Հարավային Քալիֆորնիայում կյանքը շատ է թանկացել, ուստի շատերը ստիպված են եղել նույնիսկ նահանգից հեռանալ։ «Նրանց թվում մեծ մաս են կազմում տարեցները, որոնք թոշակ են ստանում ԱՄՆ–ում social security-ում ունեցած ներդրման համար։ Նրանք կարող են վերադառնալ Հայաստան՝ այդ թոշակը այստեղ ծախսելով»,–նկատեց նա։

Քաղաքների կառավարման հարցում Սինանյանը  ծիծաղելի է համարում այն, որ բոլոր հարցերը որոշում է քաղաքապետը: «Քաղաքապետը պետք է տեսլական, ադմինիստրատիվ փորձ ունեցող անձ լինի, ունենա մի քանի վստահելի մարդիկ, որոնք կկարողանան կառավարել քաղաքային կյանքի  տարբեր ոլորտներ: Ճիշտ մարդիկ պետք է ճիշտ տեղում լինեն եւ ունենան որոշումներ կայացնելու անկախություն։ Բնական է, որ Երեւանի քաղաքապետարանն ավագանի ունի, որը սակայն չի գործում»,–կարծիք հայտնեց Գլենդելի  քաղաքապետը։

Խոսելով ՀՀ–ում ներդրումներ կատարելու  Գլենդելում հնարավոր շարժի մասին հարցին, նա նշեց, որ շարժ չկա, բայց կա խոսակցություն, որը, սակայն, չկար մինչ Հայաստանում իրադրության փոփոխությունը։

Նա շեշտեց առաջիկա օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցի կարեւորությունը Լոս Անջելես եւ հանդիպումները բիզնես շրջանակների հետ։