Ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները, ծեծելով ու կողոպտելով երեք քաղաքացիների:

Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել է խուլիգանության, բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ:

Մասնավորապես պարզվել է, որ 2009թ. օգոստոսի 22-ին` ժամը 01-ի սահմաններում, Գեղարքունիք մարզի Գանձակ գյուղի բնակիչներ Կ. Սարգսյանը, Գ. Գալստյանը եւ Ս. Հակոբյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Օպերայի շենքի մոտ բարձրաձայն զրուցել են միմյանց հետ` խախտելով հասարակական կարգը: Տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության` ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Ս. Կարապետյանը եւ Հ. Մելքումյանը մոտեցել են վերոհիշյալ անձանց: Սակայն նրանց կարգի հրավիրելու փոխարեն, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակներից, փորձել են նրանց ապօրինաբար ենթարկել անձնական խուզարկության: Հանդիպելով դժգոհության` ոստիկանները ռադիոկապի միջոցով օգնություն են խնդրել մյուս կարգախմբերից: Ապա` բռնություն կիրառելով` ձեռքերով եւ իրենց տրամադրության տակ գտնվող ռետինե մահակներով ծեծի են ենթարկել հիշյալ քաղաքացիներին, որի ընթացքում Ս. Հակոբյանի գրպանից հափշտակել են 300 000 ՀՀ դրամ:

Օգնության եկած ՀՀ ոստիկանության` ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները, տեսնելով, որ հիշյալ քաղաքացիներին ծեծի են ենթարկում, այն կանխելու եւ ծառայողական պարտականություններն օրենքով սահմանված կարգով իրականացնելու փոխարեն, շարունակել են ծեծի ենթարկել այդ քաղաքացիներին: Այնուհետեւ ծեծի ենթարկվածներին բռնության զուգորդմամբ տեղափոխել են ՀՀ ոստիկանության ` Կենտրոնական բաժին:

Ծեծի հետեւանքով այդ քաղաքացիներին պատճառվել են մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ էական վնաս է պատճառվել քաղաքացիների եւ պետության օրինական շահերին:

Փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` կողոպուտ, եւ 258-րդ հոդվածի 1-ին մասով` խուլիգանություն: Կատարվում է նախաքննություն: