Մեր քաղաքականությունը պետք է լինի Փոքր ու միջին բիզնեսը պաշտպանելը, որ չկլանվի մեծերի կողմից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այս շաբաթ մի փոքր քննարկում է ունենալու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել այդ ուղղությամբ. «Իհարկե, կան գաղափարներ, կա բանավեճը, թե հատկապես որ մեխանիզմն է արդյունավետ, բայց հայեցակարգային առումով, իհարկե, պետք է պաշտպանենք փոքր ու միջին բիզնեսը։ Հիմա չեմ բարձրաձայնի այդ գաղափարները, որովհետեւ քննարկում պետք է լինի դեռ։ Ես որոշակի համակրանք ունեմ որոշ գաղափարների առումով, բայց առայժմ ձեռնպահ կմնամ դրանք այս պահին բարձրաձայնելուց։ Կեցցե փոքր եւ միջին բիզնեսը»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ իրենք աշխատանքներ են տարել եւ բազմաթիվ տոնավաճառներ հայտարարել են եւ նվազեցրել վարձավճարները. «Նրանք մեր խնդրանքին արձագանքել են։ Մենք աշխատում ենք նաեւ մաքսային եւ հարկային մարմինների հետ, որ փոքր բիզնեսի համար նորմալ պայմաններ ապահովենք։ Ժամանակ առ ժամանակ ահազանգեր ենք ստանում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան այն չեն անում, բայց մենք ոչ մի բան չենք մոռանալու եւ միշտ զբաղվելու ենք այդ բոլոր խնդիրներով։ Փոքր ու միջին բիզնեսին չենք նեղացնի, կթողնենք զարգանա»։





























