Թուրքիայում Ստամբուլի ոստիկանությանն է հանձնվել այս տարվա մարտի 3-ի մեծ աղմուկ հանած սարսափելի սպանության մեջ կասկածվող 18 ամյա Ջեմ Գարիփօղլուն։ Նա սեպտեմբերի 16-ի գիշերն իր ընտանիքի փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել է Ստամբուլի ոստիկանություն։ Այս մասին տեղակացնում են թուրքական լրատվամիջոցները։

NEWS.am-ը նշում է, որ հայտնի թուրք գործարարի որդի Ջեմ Գարիփօղլուն արդեն 197 օր փնտրվում էր ոստիկանության կողմից։ Թուրքական մամուլը եւ էլեկտրոնային կայքէջերը ավելի վաղ ողողված էին լուրերով, որ այս տարվա մարտի սկզբին Թուրքիայում մեծ աղմուկ հանած 18-ամյա աղջկա սպանության համար կասկածվող Ջեմ Գարիփօղլուն, ով նրա հետ ընկերություն էր անում, ձերբակալվել է Հայաստանում։ Թերթերի մի մասը գրում է, որ Գարիփօղլուն արդեն ձերբակալվել է եւ սեպտեմբերի 12-ի երեկոյան տեղափոխվել Թուրքիա։ Սակայն բոլոր հրապարակումների ամենաանհեթեթ հատվածը այն է, որ Գարիփօղլուն ձերբակալվել է Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանում: Կարիք չկա հիշեցնելու, որ Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ստամբուլի թաղամասերից մեկի աղբամանում հայտնաբերվել էր 18-ամյա Մունեւեր Քարաբուլութի դին՝ կտրված գլխով։ Սպանության մեջ կասկածվում է նրա ընկերը` Ջեմ Գարիփօղլուն: Սպանությունից հետո ոստիկանությունը խուզարկել էր Գարիփօղլուի շքեղ եռահարկ առանձնատունը, որտեղ անզեն աչքով իսկ երեում էին սպանության հետքերը։ Հայտնի էր, որ սպանությունից հետո Ջեմ Գարիփօղլուն զանգել է հորը եւ շտապ տուն կանչել։ Այնուհետ նա փախուստի էր դիմել։ Թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ջեմը գտնվում է Ռուսաստանում։

Իսկ, ահա, հետագայում հայտնի դարձավ, որ սպանված Մունեւեր Քարաբուլութի ընտանիքը եւ Ջեմ Գարիփօղլուի ընտանիքը միջնորդի օգնությամբ հաշտության են եկել, որի արդյունքում նրանց հաշտարար Ջեմիլ Բարանը հայտարարել էր, թե Ջեմ Գարիփօղլուն սեպտեմբերի 25-ին Հայաստանում կհանձնվի ոստիկանությանը։

Հայտնի է դարձել, որ Ջեմի ընտանիքը, որպես փոխհատուցում, Քարաբուլութի ընտանիքին կվճարի 3 միլիոն եվրո։ Մինչ այս, Ջեմի ծնողները վախենում էին, որ Քարաբուլութի ազգականները կսպանեն Ջեմին եւ հիմա, հաշտեցումից հետո համաձայնեցին իրենց որդուն հանձնել իրավապահներին։