Դեմոկրատ սենատոր Մեգգի Հասսանի աշխատակազմում վերապատրաստում անցնող երիտասարդ աշխատակցուհուն ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին ոչ գրական արտահայտությունների համար, հայտնում է  The Hill-ը։

Ինտերնը, պարբերականի տվյալներով, վիրավորական արտահայտություններ է արել անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրես Թրամփի այցելության ժամանակ։ Հասսանի՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արոն Ջեքոբսը թերթին տեղեկացրել է այն մասին, որ սենատորի  գրասենյակում ստաժավորում անցնող երիտասարդ կինը առայժմ մեկ շաբաթով զրկված է Կոնգրեսի շենք մտնելու իրավունքից։

«Մենք տեղեկացված ենք այս իրավիճակի մասին ու կարգապահական բնույթի միջոցառումներ ենք ձեռնարկել՝ այդ թվում մեկ շաբաթով հեռացրել պաշտոնից ու նրան զրկել Կոնգրես մտնելու իրավունքից,- ասվում է Ջեքոբսի հայտարարության մեջ, որը թերթին էր տրամադրվել,- Այդ միջոցառումները արձագանք են նրա կողմից աշխատանքային կանոնների խախտմանը, որոնք ենթադրում են այդ թվում հարգալից վերաբերմունք ու պատշաճ վարքագիծ»։ 


Սենատորի ներկայացուցիչը չի հայտնել Թրամփին վիրավորած կնոջ անունը։ Ըստ մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ կնոջ անունը Քեյթլին Մերիոթ է։ Նա, ինչպես նշվում է հիշատակված հաղորդագրություններում, վիրավորական է արտահայտվել նախագահի մասին, երբ վերջինն անցնում էր Կոնգրեսի դահլիճներից մեկով՝ գնալով Հանրապետական կուսակցության կոնգրեսականների հետ հանդիպման։