Տպավորություն է, որ այսօր Երեւանի ավագանին գտնվում է գերության մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին Երեւանու ավագանու նիտտում իր առաջին ելույթի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ավագանու մանդատ ստացած Վիկտոր Ենգիբարյանը։
«Այդ գերությունն այլեւս չի լինելու։ Երեւանի ավագանու անդամները հավասար են, որեւէ մեկը չպետք է նստի բարձրության վրա։ Երեւանի հաջորդ քաղաքապետի խնդիրներից մեկը պետք է լինի ավագանու լիազորությունների ըստ օրենքի կիրարկումը եւ ավագանու բոլոր անդամների ներգրավածությունը քաղաքի խնդիրների լուծման գործում»,-ասաց նա:
Ենգիբարյանի խոսքով, մի քանի օր առաջ հրապարակված Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութը հարցեր է առաջացնում. «Բայց նման հարցեր կառաջանան, եթե ուսումնասիրենք նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կամ մյուսների ունեցվածքը։ Անմեղության կանխավարկածը չենք խախտելու, բայց այսօրվա իշխանությունները ունեն քաղաքական կամք այդ հարցերի պատասխանները դատական ատյաններում եւ քննչական մարմիններում տալու համար։ Հանցավոր վարքագիծ պարունակող քաղաքային կառավարումը պետք է լինի անցյալում։ Կոռուպցիան պետք է բառացիորեն հասնի զրոյի»,–կարծիք հայտնեց նա։
Վիկտոր Ենգիբարյանը համոզված է՝ Երեւան քաղաքի խնդիրները լուծելու ճանապարհին պարտադիր է բոլոր երեւանցիների ներգրավվումը, անհրաժեշտ է զարգացնել «մենք»–ի զարգացումը առանց ավելորդ սնապարծության։ «Հուսահատության գազելների, մահվան վերելակների, փոշու ամպերի ժամանակն ավարտվել է»,–կրկնեց նա մեկ տարի առաջ քաղաքապետի ընտրությունների «Ելք» խմբակցության նախընտրական կարգախոսը։




























