Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները Հայաստանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցներում մեծ հետաքրքրություն են դրսեւորել հանրապետությունում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ: Այս մասին հունիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԾՏՀ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները հիացմունք են հայտնել այն փաստի առթիվ, որ Հայաստանում հեղափոխությունը խաղաղ էր, առանց կրակոցների եւ արյունահեղության: «Հետաքրքրվում էին բոլորը: Նրանց ուշադրությունը նախկինի պես գամված է Հայաստանին, այստեղ տեղի ունեցող գործընթացներին»,- ասաց Գորգիսյանը:
Իր կարծիքը հայտնեց նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա հաստատեց իր գործընկերոջ խոսքերը: «Յուրաքանչյուր երկրում կա բնակչության նման մի մաս, որ ընդվզում է, եւ բոլորն ուզում են հասկանալ, թե ինչպես է դա գործնականում տեղի ունեցել մեզ մոտ»,- բացատրեց Էնֆիաջյանը:




























