ԱՄՆ-ն պետք է «Արկտիկայում իր խաղն ավելի բարձր մակարդակի հասցնի» եւ աշխարհի այս կարեւոր եւ ակտիվ զարգացող տարածաշրջանում ակտիվացնի աշխատանքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Անկասկած, ԱՄՆ-ն պետք է Արկտիկայում իր խաղն ավելի բարձր մակարդակի հասցնի: Դրանում կասկած չկա», - Ասիա մեկնելուց առաջ Ալյասկայում լրագրողներին ասել է Մաթիսը:

Այդ աշխատանքի մաս կլինի ափամերձ պահակախմբի ներկայության ավելացումը, ասել է Պենտագոնի ղեկավարը:

Տաքացումն արագացրել է Արկտիկայում ռեսուրսների նոր մրցավազքի հավանականությունը: Որոշ գնահատականներով, Արկտիկայում ածխաջրածնային պաշարները գերազանցում են Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի ռեսուրսներին:

«Իրականությունն այնպիսին է, որ մենք ստիպված կլինենք զբաղվել զարգացող Արկտիկայով ... Այն հասանելի է դառնում ոչ միայն տրանսպորտի, այլ նաեւ էներգետիկ ռեսուրսների հետախուզման համար», - ասել է Մաթիսը: