Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա: Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Նա անդրադարձել է նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և օրակարգային այլ կարևոր հարցերի:

Խոսելով Հայաստանում իշխանության ոչ բռնի փոխանցման գործընթացի մասին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ կատարվածը փաստում է մեր երկրում առկա քաղաքական մշակույթի զարգացածության բարձր մակարդակի մասին: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը ջանքեր են ներդրել՝ բախումներից խուսափելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանում ձևավորված նոր կառավարության հետ փոխգործակցությանը. Աշոտյանը կարևորել է անհանդուրժողականության արմատախիլ անելը, քաղաքական բազմակարծության խթանումը, մամուլի ազատության երաշխավորումը, ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ հարգանքը, քաղաքական դրդապատճառներից ելնելով դատական հետապնդումների բացառումը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացին՝ կարեւորելով ընտրական բարեփոխումների իրականացումը քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա՝ ընդգծելով ընտրությունների անցկացման համար տրամաբանական ժամկետների սահմանումը:

Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ ԵՄ անդամ-պետությունների խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացումը՝ մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

Եվրոպական միության հետ հարաբերությունների խթանման գործընթացում Արմեն Աշոտյանը կարեւորել է «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի ավելի լայնիմաստ կիրառումը՝ շեշտադրում կատարելով քաղաքական եւ մյուս ոլորտներում աջակցության եւ համագործակցության վրա՝ հիմնված գաղափարական արժեքների վրա: