Այսօր արդեն հրամայական է վեր կանգնել պահպանողական էությունից ու ամրագրել կանանց՝ պետական կառավարմանը հավասար հնարավորություններով մասնակցելու իրավունքի նախադեպը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այս մասին ասել է Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրելիս:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ Դիանա Գասպարյանն իր բարձր մասնագիտական որակներով կկարողանա վերականգնել քաղաքի խախտված հարաբերական անդորրը եւ պատասխանատվությամբ ու կանացի հոգատարությամբ կնվիրվի համայնքի կյանքի բարօրությանն ուղղված նվիրական գործին։

Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էջմիածինի կառավարման ղեկն իրեն վստահելու համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է, թեկուզ ժամանակավորապես, ստանձնել քաղաքի ղեկավարի պաշտոնը: Դիանա Գասպարյանը հայտնել է, որ հավատարիմ է լինելու օրենքի երկիր կառուցելու կառավարության որդեգրած քաղաքականությանը եւ այլեւս բացառելու է որեւէ հանցավոր տարրի ակտիվացման եւ ինքնագործունեության հնարավորությունը Էջմիածին քաղաքում:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ վճռական ու կամային է տրամադրված՝ քաղաքը բնականոն հունի վերադարձնելու, քաղաքում կարգուկանոն հաստատելու հարցում, միաժամանակ ընդգծել, որ քաղաքի շենացման ու բարեկարգման գործում ակնկալում է յուրաքանչյուր էջմիածինցու աջակցությունը: