Մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում եւ չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին: Այս մասին DW-ով Ժաննա Նեմցովայի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա նշել է, որ Ռուսաստանը մի քանի տարի զգալի ներդրումներ է կատարել նոր ժամանակակից ներուժի համար, ինչպես ոչ-միջուկային, այնպես էլ միջուկային, եւ զարգացրել է այն: «Սա լուրջ մտահոգություններ է առաջացնում, քանի որ զարգացնելով այս նոր զենքը, Ռուսաստանը պոտենցիալ հակամարտության ժամանակ նվազեցնում է միջուկային զենքի օգտագործման շեմը: Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ն պատասխանում է այն պահվածքին, որը մենք տարիների ընթացքում տեսել ենք Ռուսաստանի կողմից՝ մեր հավաքական պաշտպանության ամրապնդման միջոցով, բարձրացնելով մեր զինված ուժերի պատրաստվածությունը, զորքեր տեղակայելով դաշինքի արեւելքում, Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սեւծովյան տարածաշրջանում», - ասել է նա:
Միեւնույն ժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ Դաշինքը չի կրկնօրինակում այն, ինչ անում է Ռուսաստանը:
«Մենք տանկին տանկով չենք պատասխանում, հրթիռին՝ հրթիռով կամ միջուկային զենքին՝ միջուկային զենքով, բայց մենք, իհարկե, պետք է վստահ լինենք, որ ՆԱՏՕ-ն կարող է հարմարվել, եթե նկատենք, որ Ռուսաստանը ավելի վճռական է գործում՝ զգալի միջոցներ ներդնելով ժամանակակից սարքավորումներում: Նաեւ, եթե մենք տեսնենք, որ Ռուսաստանը ցանկանում է իր ռազմական ուժն օգտագործել հարեւանների դեմ: Մենք դա տեսանք Վրաստանում, այժմ դա Ուկրաինայում ենք նկատում: Ռուսական զորքեր կան նաեւ Մոլդովայում առանց երկրի իշխանությունների համաձայնության:
Վարքագծի նման մոդելը ձեւավորվել է վերջին տարիներին եւ ՆԱՏՕ-ն պատասխանում է դրան: Մենք չենք ուզում սառը պատերազմ, մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում եւ չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին: Այդ երկիրը մեր հարեւանն է եւ միշտ է այդպես լինելու: Մեզ համար խոսքը հավասարակշռության, կանխարգելման եւ երկխոսության մասին է: Մենք հավատում ենք, որ քանի դեռ մենք ուժեղ ենք, կարող ենք հուսալի կանխարգելում պապահովել, մենք կկարողանանք երկխոսել Ռուսաստանի հետ», - կարծում է նա:




























