Հայ-թուրքական արձանագրություններում Հայ հեղափոխական դաշնակցության առաջարկած ուղղումները, այնուամենայնիվ, արձանագրություններն ավելի անվտանգ չեն դարձնում Հայաստանի համար։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Քաղաքական գործիչը խոսեց դաշնակցության սեպտեմբերի 15-ից սկսած հացադուլից եւ նստացույցից։ «Ես չգիտեմ, թե ինչու ոստիկանությունը չի ցրում այդ մարդկանց՝ կառավարության շենքի մոտից, վերջին հաշվով ե՛ւ արտգործնախարարությունը ե՛ւ կառավարությունը պետական կառավարման մարմիններ են եւ նրանք, թերեւս, խանգարում են այդ հաստատությունների „տքնաջան“ աշխատանքին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ից ժամը 14:30-ից Հանրապետության հրապարակում՝ Արտաքին գործերի նախարարության եւ Կառավարության շենքերի դիմաց Հայ հեղափոխական դաշնակցությունը հացադուլ եւ նստացույց է սկսել օգոստոսի 31-ին՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը ուղղված նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ։ Նախատեսվում է ակցիան շարունակել մինչեւ հոկտեմբերի 13-ը՝ արձանագրությունների ստորագրման ենթադրյալ օրը։