Լեզվի կոմիտեն ավելի ցածր կարգավիճակ է, քան Լեզվի պետական տեսչությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին «Լեզվի պետական տեսչությունից՝ լեզվի կոմիտե. ինչպե՞ս բարձրացնել արդյունավետությունը» թեմայով քննարկմանն ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։
«Լեզվի պետական տեսչությունն այսուհետ կոչվելու է Լեզվի կոմիտե, իսկ սա նշանակում է մի բաժնի իրավունքներով կոմիտե, որը չի ունենալու պետական լծակներ։ Այսինքն՝ կոմիտեն չի ունենալու աշխատակազմ, մամուլի քարտուղար, չի ունենալու ստուգելու իրավունք, տեսչական ստուգումներ չի իրականացնելու։ Հստակ չէ՝ հրապարակային գրվածքների խախտումների, լեզվական աղավաղումների դեմ ով պետք է ակտ եւ արձանագրություն կազմի։ Ավելին, հստակեցված չեն գործառույթները»,–շեշտեց Միրզոյանը։
Լեզվաբանը նշում է՝ այսօր տերմինաշինության ոլորտում խնդիրներ ունենք. «1956-2002 թվականներին կառավարությանը առընթեր գործել է տերմինաբանական կոմիտե, 2002 թվականին այդ կոմիտեի անունը փոխվեց՝ դառնալով Հայերենի բարձրագույն խորհուրդ եւ մտցվեց Լեզվի պետական տեսչության կազմ։ Այսօր այդ խորհրդի կազմում այնպիսի մարդիկ են, որոնք լեզվի հետ բացարձակ կապ չունեն։ Տարբեր մասնագիտությամբ մարդկանց են բերել միայն ոչ ցանկը համալրեն»,–մտահոգություն է հայտնում նա։
Լավրենտի Միրզոյանի կարծիքով՝ ամոթ է, որ փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ–ն հռչակել է մայրենիի օր, բայց ոչ մի միջոցառում չի իրականացվում երկրում։ «Մեր համար ամեն օր մայրենիի օր պետք է լինի, իսկ փետրվարի 21-ը դրա ամփոփումը լինի։ Մաշտոցի գերեզմանին ծաղիկ դնելով չենք լեզուն պահպանում»,– եզրափակեց նա՝ հորդորելով նոր իշխանություններին մտածել այդ խնդրի ուղղությամբ։




























