«Ես կարծում եմ, որ միջազգային իրավունքի սկզբունքները վկայում են, որ իր նախորդների իրավահաջորդը հանդիսացող պետությունը կրում է նաեւ նախորդների գործողությունների պատասխանատվությունը»,- Լիբանանի հայկական «Ազդակ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իռլանդիայի ազգային համալսարանի մարդու իրավունքների հարցերով կենտրոնի ղեկավար Ուիլյամ Շապասը, որը վերջերս մասնակցել էր Բեյրութում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությանն ու միջազգային իրավունքին նվիրված միջազգային ակադեմիական խորհրդաժողովին։

Խոսելով Հայաստանի ու Թուրքիայի բարդ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության փաստի մասին, պարոն Շապասը նշել է, որ «պետությունը չի կարող հրաժարվել միջազգային իր պարտավորություններից՝ վերակազմավորվելով ինքնին։ Դա շատ պարզորոշ եւ հստակ ամրագրված է միջազգային իրավունքի համապատասխան դրույքներում։ Իսկ ինչ վերաբերում է այն տարաձայնություններին ու տարակարծություններին, թե 2015 թվականի, այսինքն՝ Օսմանյան Թուրքիայի հայտնի իրադարձություններից 100 տարի անց, հարցը կարող է հանվել օրակարգից, ասեմ, որ գոյություն չունի այնպիսի օրենք, որը 100 տարվա ժամկետ սահմանի նման հարցերի համար։ Սակայն, միաժամանակ, նշել է, որ ժամանակի ընթացքում էլ ավելի է բարդանում պահանջների ներկայացման գործընթացը։ Կասկածից դուրս է, որ արտաքսված մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենի երկիր։ Նույնն էլ վերաբերում է նաեւ նրանց երեխաներին։ Սակայն կարելի է արդյոք նույն ոգով խոսել նրանց թոռների ու ծոռների մասին։ Օրենքն ասում է, որ պահանջի իրավունքը կորցնում է իր արդիականությունը որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Այսինքն՝ այդ կապակցությամբ ես չեմ կարող որեւև որոշակի բան ասել Հայոց հարցի կապակցությամբ, սակայն ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ գոյություն չունի այնպիսի օրենք, որը որոշեր կամ սահմանափակեր պահանջների ներկայացման իրավունքը 100 տարի անց»։