Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ոչ թե բազմաբնակարան շենք ունի, այլ բնակարան բազմաբնակարան շենքում:
Նշենք, որ նախօրեին մամուլում հրապարակվել էր Ռոմանոս Պետրոսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որտեղ սխալ տեղեկություն է եղել: Այս առնչությամբ, մարզպետը պարզաբանում է ներկայացրել, որտեղ ասվում է.
«ՀՀ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը բաժնի 1.1 կետի «Անշարժ գույքի տեսակը» սյունակում տեխնիկական վրիպակի պատճառով՝ «Բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը» փոխարեն պետք է լիներ «Բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված եւ համարակալված տարածքը»:
Վրիպակը ուղղվել է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհրապարակի հայտարարագրի ուղղված տարբերակը»:





























