Կանադահայ հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ու դերասան Ատոմ Էգոյանը կմասնակցի միջազգային 57-րդ կինոփառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբեևի 18-26-ը իսպանական Սան Սեբաստյան քաղաքում,- հաղորդում է իսպանական ABC-ն։ Կինոհավաքին կներկայացվի նրա «Քլոյա» կինոնկարը։ Իսպանիայի հրաշագեղ քաղաքներից մեկը կհյուրընկալի նշանավոր այնպիսի անձանց, ինչպիսիք են Վուդի Ալենն իր «Ինչ լինում է, թող լինի» ֆիլմով, Քվենտին Տարանտինոն «Անփառունակ վիժվածքները» ֆիլմով եւ Էնգ Լին իր «Վուդստոկի զավթումը» ֆիլմով։
Նշենք, որ Սան Սեբաստյանի միջազգային կինոփառատոնը հանդիսանում է «Ա» դասի կինոփառատոն, որն ընդգրկված է աշխարհի խոշորագույն կինոհավաքների հնգյակում, որոնք հայտնի են որպես «երկրորդ օղակ»։ Իսկ առաջին «եռյակը» կազմում են Կաննի, Բեռլինի ու Վենետիքի կինոհավաքները։ Հարկ է նաեւ ընդգծել, որ առաջին ՄԿՓ-ն Սան Սեբաստյանում անց է կացվել 1953 թվականի սեպտեմբերին՝ ոչ անհայտ գեներալ Ֆրանկոյի բռնապետության գագաթնակետի տարիներին։
Էգոյանի ֆիլմում նկարահանվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջուլիաննա Մուրը, Լայամ Նիսոնը, Ամանդա Սեյֆրիդը։




























