Հայաստանում թավշյա հեղափոխության հաջողության մեջ երիտասարդները վճռական դեր խաղացին: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած «Երիտասարդությունը հանուն ազատության եւ ժողովրդավարության» խորագրով երիտասարդական տարածաշրջանային համաժողովի իր ելույթում ասաց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետեր Միկիսկան:

Նրա խոսքով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ժողովրդավարացման հիանալի հնարավորություն է, եւ դրա գլխավոր շարժիչ ուժը երիտասարդներն են: Դեսպանը կոչ արեց եղածով չբավարարվել՝ նշելով, որ մայիսին տեղի ունեցածը հաղթանակի սկիզբն է միայն. երիտասարդները պետք է ձեւավորեն առողջ եւ ուժեղ քաղաքացիական հասարակություն եւ սկսված գործընթացն ավարտին հասցնեն արդար ու անկողմնակալ ընտրություններով:

Տեսաուղերձով մասնակիցներին ողջունեց նաեւ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաուման՝ շնորհավորելով հայաստանցիներին թավշյա հեղափոխության առթիվ: Նա կարեւորեց երիտասարդների ակտիվությունը պետության քաղաքական կյանքում, սակայն հորդորեց չմոռանալ ավագ սերնդի դերը՝ որպես խորհրդային ռեպրեսիաներին դիմակայած եւ անկախություն ծնած սերունդ: Դեսպանը հորդորեց օգտագործել մեծերի փորձը՝ ուժ ստանալու եւ հաջողության հասնելու համար:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Լինե Ուրբանն էլ ընդգծեց կանանց անփոխարինելի դերը հեղափոխության մեջ: Նա հայտնեց, որ հաջորդ տարվանից ԵՄ-ն նախատեսում է ֆինանսավորման ծրագրեր՝ Հայաստանում 18-30 տարեկան կանանց ներգրավվածությունը երկրի քաղաքական կյանքում բարձրացնելու համար:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւս հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ առայժմ վաղ է հեղափոխության հաջողության մասին գնահատականներ տալը, սակայն ներկայիս կառավարությանը վստահելու հիմքերի թվում պետք է հաշվի առնել այն, որ նրա անդամներն ունեն քաղաքացիական պայքարի երկարամյա փորձ: Գրիգորյանը նշեց, որ ներկայիս իշխանությունների ամենաուժեղ կողմը նրանց լեգիտիմությունն է, եւ որ նրանք պատրաստ են ցանկացած տիպի երկխոսության:

Համաժողովին նաեւ մրցանակներ հանձնվեցին 2016-2018թթ. Հայաստանում քաղաքացիական անհնազանդության պայքար մղած մի քանի ակտիվիստների, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանին եւ Շահեն Հարությունյանին, ժողովրդավարացման մեջ իրենց ներդրումն ունենալու համար: