Թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում պարտություն կրեցին աշխարհի առաջին ռակետները:
Կանանց մենախաղում սենսացիա մատուցեց Չինաստանի ներկայացուցիչ, 9-րդ ռակետ Նա Լին, որը կիսաեզրափակիչում 3:6, 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց համաշխարհային դասակարգման առաջատար, դանիացի Կարոլին Վոզնյացկուն: Պատմության մեջ առաջին անգամ Մեծ սաղավարտի եզրափակիչում հանդես կգա չինացի: Նա Լինի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, բելգիացի Քիմ Քլիսթերսը, որը 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Վերա Զվոնարյովային:
Առանց առաջին ռակետի մնաց նաեւ տղամարդկանց մենախաղի մրցաշարը: Իսպանացի Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում 4:6, 2:6, 3:6 հաշվով պարտվեց Իսպանիայի մյուս ներկայացուցիչ Դավիդ Ֆերերին:




























