Սեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա։ Այս մասին ասյօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով է քննվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։

Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը լինելով այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի անմիջական ենթական, ինչպես կարող էր չիմանալ «0038» գաղտնի հրամանի մասին, նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով որ դա նախաքննական գաղտնիք է։ «Ես չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել եւ չեմ ցանկանում մեր հետագա քայլերի մասին խոսել։ ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործերի մասին տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որ չի վնասի նախաքննությանը»։

ՀՔԾ պետը հաստատեց՝ Միքայել Հարությունյանը երկրից բացակայում է։

Նշենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Մարտի 1-ի գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։

Ըստ ՀՔԾ-ի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաեւ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, եւ միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին:

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ։

Մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: