ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր փակ նիստում դրական եզրակացություն է տվել համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի ներկայացրած օրինագծին: Թեեւ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը փակ էր, իսկ ներկայացված նախագիծը` գաղտնի, սակայն մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել նախագծի վերաբերյալ: Ինչպես հայտնի է` համաներման առաջարկը կապված է գերազանցապես մարտի 1-ի դեպքերի հետ: Սակայն մարտի 1-ի հետ առնչվող ոչ բոլոր անձանց վրա է տարածվելու այդ համաներումը: Ըստ շրջանառվող լուրերի` նախագծում դրույթ կա այն մասին, որ այդ համաներումը տարածվում է նաեւ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտված 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա: Համաներումն ամբողջությամբ տարածվելու է 225 հոդվածով դատապարտվածների կամ մեղադրվողների վրա, իսկ չի տարածվելու 316 հոդվածի 2-րդ մասով դատապարտվածների (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով կատարված բռնություն), 235 հոդվածի 2 եւ 3-րդ մասերով դատապարտվածների (մի խումբ անձանց կամ խմբավորման կողմից ապօրինի զենք զինամթերք կրել, պահելը), 104 հոդվածով (սպանություն) եւ մի շարք այլ հոդվածներով դատապարտվածների վրա: Ի դեպ, մարտի 1-ի իրադարձություններից հետո դատապարտվածների մեջ կան նաեւ 316 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան մեղադրված անձինք: Այս նախագիծն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 19-ի արտահերթ նիստի ժամանակ եւ, հնարավոր է, որ նախագիծը կրի որոշակի փոփոխություններ:
Համաներումը տարածվելու է նաեւ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածների
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























