Հանրապետական  խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նախկին պաշտոնյաներից մեկի դեմ:  NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի մասին է: 

Վերջինս մարզպետ պաշտոնը զբաղեցրել է Ալիկ Սարգսյանից հետո՝ 2008 թվականին, երբ Ալիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնից տեղափոխվել է ոստիկանապետի պաշտոնին: Հովակիմյանը պաշտոնավարել է երկու տարի:

Նշենք, որ Վարդգես Հովակիմյանը նախկինում մեկ անգամ էլ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Պաշտոնանկությունից հետո 2011 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու և պաշտոնեական անփութություն կատարելու համար: Այն ժամանակ դեռեւս Հովակիմյանը հայտարարում էր, որ դրա հետեւում կանգնած է Ալիկ Սարգսյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Հովակիմյանը այս տարիներին մշտապես բողոքել է Սարգսյանից`նրան համարելով իր անհաջողությունների գխավոր մեղավորը, իսկ հեղափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը,  որոշել է  վրեժխնդիր լինել Սարգսյանից:

Ըստ մեր աղբյուրի` վերջին շրջանում նա շանտաժի է ենթարկել Ալիկ Սարգսյանին`պահանջելով վճարել նախկինում իր կրած ֆինանսական տույժերը:  Պատգամավորը հենց  շանտաժի ու սպառնալիքի մասին էլ շեշտել է իր հաղորդման մեջ:  Առաջիկա օրերին  ներկա ու նախկին պաշտոնյաները հրավիրվելու են հարցաքննության: