Սեպտեմբերի 17-ի կեսօրին, երբ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ԱԺ-ում ներկայացնում էր իր հանձնաժողվի վերջնական զեկույցը, 2008թ. մարտի 1-ին զոհված անձանց հարազատները «Ո՞ւր են մարդասպանները», «Սամվել Նիկոյանը պարտակող է» եւ այլ պաստառներով հավաքվել էին Ազգային Ժողովի դարպասների մոտ՝ բողոքելու զեկույցի եւ զեկույցի հեղինակների վարքագծի դեմ:
Մարտի 1-ին «Չերյումուխա-7» հատուկ միջոցից զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք եկել են «իրենց վրդովմունքը հայտարարելու Սամվել Նիկոյանի զոեկույցի վերաբերյալ»:
Սարգիս Քլոյանը նաեւ անարդարացի է համարում, որ զեկույցում որպես եմղավոր կողմ նշվում է ընդդիմությունը: «նա պիտի մի տարի առաջ հարցներ, թե ինչու են արգելված միջոց օգտագործվել: Թող նա ասի, թե ինչ է եղել իրականում, բայց նա իրականության մասին ոչինչ չխոսեց, միայն մեղադրեց ընդդիմությանը»:
Զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանն իր հերթին նշեց. «Ես սպասելիքներ ի սկզբանե չունեի, բայց այսպիսի խայտառակ զեկույց չէի սպասում: Եկել եմ նրա համար, որ ինքն իր ելույթում ասում էր, թե իրավասու չէ սպանությունները բացահայտելու, այնինչ տարիուկես մեզ խաբել է, ընդունել եւ խոստացել է, թե սպանությունները կբացահայտվի»: Նա նշեց, որ քննադատում է հանձնաժողովն իրենց իրականում խաբել է, կոծկել հանցագործությունները: «Պետք է մենք հասնենք նրան, որ նոր փաստահավաաք կառույց լինի, որ բացահայտումներ լինեն: Ինձ հետաքրքիր է, թե ով է սպանել իմ որդուն: Ես չեմ վախենում: Կարող է Նիկոյանն ինչ-որ մեկից վախենում է, բայց ես որդի եմ կորցրել եւ ոչ մեկից չեմ վախենում»,- նշեց որդեկորույս մայրը:
Ի դեպ, ԱԺ պատգամավորներից միայն Զարուհի Փոստանջյանն էր, որ այցելել էր զոհերի հարզատներին եւ լսեց նրանց բողոքները՝ խոստանալով նիստի ընթացքում անպայման բարձրաձայնել նրանց կարծիքը:



















