Այսուհետեւ Հայաստանի Վերահսկիչ պալատը ոչ միայն կկարողանա ներկայացնել պետական մարմինների շարաշահումները, այլեւ իր նյութերը պարտավոր է ուղարկել դատախազություն՝ քրեական գործեր հարուցելու համար:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 17-ին կայացել է Հայաստանի կառավարության նիստ: Կառավարությունը առարկություններ չի ներկայացրել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկությանը, որը վերահսկիչ պալատին կպարտավորեցնի վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկած լինելու դեպքում արձանագրություններն ու հաշվետվությունները պալատի խորհրդի որոշմամբ պարտադիր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Նշված օրինագիծը սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային ժողով: