Եթե ԵԿՄ նախագահը չունենա իշխանության հովանավորչությունը, կառույցը կարճ ժամանակում կգնա ինքնալուծարման։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը։

«Նիկոլ Փաշինյանը այնքան է կայացել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են կերպարի ընտրություն։ Այս ընտրության արդյունքում Արամ Զավենի Սարգսյանը լինելով դաշինքի անդամ, լինելու է իշխանությունում։ Եթե ամենահզոր տղան, որը պատերազմ է անցել, հնարավորություն ունենա դառնալ ԵԿՄ նախագահ եւ չունենա իշխանության հովանավորչությունը, այն կարճ ժամանակում կգնա ինքնալուծարման»,–նշեց նա։

ԵԿՄ փոխնախագահը հիշեցրեց՝ ԵԿՄ–ն պետականամետ հասարակական կազմակերպություն է, բայց համաձայնեց Արամ Զ. Սարգսյանի հայտարարության հետ, որ ԵԿՄ–ն պետք է ապաքաղաքականացվի. «Այլեւս ԵԿՄ–ն խնդիր չունի ներգրավել ընտրություններում եւ կողմնորոշվել, թե ում ձայն տան անդամները»։

Խոսելով նախկինում ԵԿՄ–ից անջատված «Ազատամարտիկների դաշինքի» հետ համագործակցության շուրջ, Համլետ Հայրապետյանը նշեց. «Ազատամարտիկների դաշինքը պնդում էր կառավարման կոլեգիալ համակարգի շուրջ։ Եթե նրանց խանգարում  կառավարման համակարգի խնդիրը, ապա կարելի է մտածել, որ նրանք ինչ–որ ակնկալիքներով էին գալիս։ Նրանք գալիս էին իշխանության մի մասը վերցնելու»։

Վերջում ԵԿՄ փոխնախագահը կոչ արեց բոլորին եւ հատկապես նախկինում ԵԿՄ–ից անջատվածներին նոր պայմաններում միավորվել եւ միասնական հանդես գալ ԵԿՄ կառույցի անունից։