Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով առաջարկում է, որ զորամասերում լինեն հատուկ տեղեր քարոզչական պաստառների համար, որոնք ՊՆ-ի միջոցով կհասնեն զորամասեր. քննարկվում է, որ այդ պաստառները ՊՆ-ին փոխանցվեն թվային տարբերակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ-ում 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով, իրենք սահմանել են, որ Հանրային հեռուստատեսությունը պարտավորվում է կազմակերպել նախընտրական բանավեճեր, սակայն կուսակցությունները չեն պարտավորվում մասնակցել դրանց. «Նաեւ սահմանվում է, որ բանավեճերից առնվազն մեկը լինելու է կուսակցությունների առաջին համարների մակարդակով: Նաեւ առաջարկվում է անվճար եթերաժամանակի ավելացում»:
Անդրադառնալով ընտրությունների ժամանակ բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելուն, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Գործող օրենսգրքով արգելվում է նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից բարեգործությունը, սակայն կան դա շրջանցելու բազմաթիվ ձեւեր: Նախորդ ընտրությունների ժամանակ, օրինակ, մի ՀԿ, որի անունը որեւէ կերպ չէր ասոցացվում կուսակցությունների ու թեկնածուների հետ, այդուհանդերձ միարժեքորեն բռնում էր թեկնածուի մականվան հետ: Բարեգործությունն էլ իրականացվում էր այդ թեկնածուի նկարի ներքո»: Նա առաջարկեց խստացնել օրենսդրական սահմանափակումները:





























