ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 10-ին, հանդիպել է «Մանմար», «Էդիթ Պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես», «Արեւիկ», «Ոսկան Երեւանցի», «Լույս»  «Սպիկա» հրատարակչությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական եւ բովանդակային հարցեր:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը նշել է, որ նման ձեւաչափով հանդիպման անհրաժեշտություն է առաջացել՝ քննարկելու առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհները եւ արդյունավետ համագործակցության հնարավորությունները: Արայիկ Հարությունյանը հրատարակչությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել իրենց մոտեցումները՝ դասագրքերի բովանդակության եւ որակի բարելավման հետ կապված, քանի որ, ըստ նախարարի, հանրության շրջանում առկա է օբյեկտիվ դժգոհություն, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին:

Նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ դասագրքերի պատվերների ձեւավորման գործընթացում պետք է առավելագույնս ապահովվի մրցակցային դաշտ եւ բացառվի որեւէ սուբյեկտիվ մոտեցում:

Հրատարակիչները որոշակի դիտարկումներ են ներկայացրել դասագրքերի վերահրատարակման պարբերականության վերանայման, դասագրքերի եւ ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների եւ մեթոդաբանության, համապատասխան փորձագետների առկայության եւ այլ հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ` հստակ ձեւակերպելով օրակարգային խնդիրները:

Նշենք, որ տարրական դասարանների եւ ավագ դպրոցի որոշ դասագրքեր տպագրվում են պետբյուջեի, իսկ մնացած դասագրքերը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցներով: