Ժողովրդական կուսակցությունը փետրվարի 15-ին, ժամը 15-ին Մատենադարանի մոտ անցկացնելու է իր 15-րդ համագումարը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը։ Նա նշեց, որ համագումարը լինելու է բացօթյա, որին հրավիրվում են դրան մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները։
Տիգրան Կարապետյանը հավաստիացրեց, որ համագումար անցկացնելու համար դիմել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությանը, սակայն Համալիրի տնօրինությունը 10 միլիոն դրամ է պահանջել՝ հաստատության համերգային դահլիճը երկու ժամով տրամադրելու համար։ «Այդ պատճառով էլ որոշել ենք համագումարն անցկացնել բացօթյա։ Բացի այդ, մեր պատվիրակները շատ են։ Համագումարին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 7 հազար մարդ։ Եթե հաշվի առնենք մեր կուսակիցներին եւս, համագումարին կմասնակցի շուրջ 50 հազար մարդ, այս թիվը կարող եք համարձակ գրել»,-հայտարարեց Կարապետյանը:
Հարցին, թե ի՞նչ օրակարգով է անցնելու համագումարը, ԺԿ նախագահը հայտարարեց. «Առաջին օրակարգային հարցը լինելու է ընդդիմադիր դաշտը գրավելու վերաբերյալ հանրության դաբրոն ստանալը։ Մինչեւ այս մենք կենտրոնամետ էինք, իսկ այժմ փոխում ենք մեր կեցվածքը եւ, ելնելով հայ ժողովրդի վիճակից, դառնում ենք ընդդիմադիր։ Մենք համարում ենք, որ հասարակությունը ու հանրապետությունը գնում են դեպի կործանում»։ Համագումարի օրակարգում լինելու է նաեւ կուսակցության նոր ղեկավար կազմի ընտրությունը։ Տիգարն Կարապետյանը կրկին ԺԿ նախագահ ընտրվելու իր շանսերը շատ բարձր գնահատեց: «Ոչ թե 100, այլ՝ 1000 տոկոս եմ գնահատում»,-ասաց նա:





























