«Երկրի նախագահի եւ քաղաքական ուժերի այսօր կայացած հանդիպմանը ես փորձեցի ապացուցել, որ հայ-թուրքական արձանագրություններում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք հակասում են հայ ժողովրդի շահերին, այդ թվում եւ՝ երեք նախապայմանները, որոնց մասին Դաշնակցությունը քանիցս նախազգուշացրել է»,- հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ նախագահի եւ քաղաքական ուժերի հանդիպումից հետո հայտարարեց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա ընդգծեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը առանց նախապայմանների արդեն զիջում է Հայաստանի կողմից, եւ երկրի ղեկավարությունը չպիտի գնար հավելյալ փոխզիջումների հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման ժամանակ:
Միաժամանակ, Ռուստամյանն նկատեց, որ որ նախաստորագրված արձանագրությունները ներառում են Թուրքիայի թաքնված պայմանները, ինչն արդեն բնութագրում է հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի շահերին միտված լինելու փաստը: «Դա եւ սահմանների փոխադարձ ճանաչման դրույթն է, որը ըստ էության Ղարսի պայմանագրի ճանաչում է, թե երկու երկրների միջեւ պատմական փաստերի ուսումնասիրման գիտական ենթահանձնաժողովի ստեղծումը, որը լիովին արգելակում է Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Որպես այդ գործաընթացում ակտիվորեն մասնակցող քաղաքական ուժ, մենք արդեն համոզվել ենք, որ արձանագրությունների նախաստորագրումից հետո փաստացի հնարավոր չէ ցեղասպանության ճանաչումը ներկայաղցնել այլ երկրների խորհրդարաններում»,- հայտարարեց Ռուստամյանը՝ հավելելով, որ դրան հակառակ ակտիվացել է Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացը: Նրա տեղեկություններով, ներկայումս Թուրքիան մտադիր է դիմել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ որ վերանայեն իրենց որոշումը՝ հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման փաստը:
Բացի այդ, Ռուստամյանն ընդգծեց, որ փաստաթղթում ներկայացված են բոլոր այն միջազգային նորմերը, որ բխում են Թուրքիայի շահերից, բայց ոչինչ չի ասվում ազգեևրի ինքնորոշման իրավունքի մասին: «Եւ ընդհանրապես, ո՞ւմ է ձեռնտու արձանագրությունների՝ նման բարձր մակարդակով ստորագրումը. Հայաստանի՞ն, թե՞ Թուրքիային»,- հարցադրում արեց Ռուստամյանը:




























