Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից հետո ՈւԵՖԱ-ն եւս սպառնացել է Ուկրաինային զրկել ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարից, եթե Ուկրաինայի իշխանությունները շարունակեն միջամտել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին եւ ղեկավար կազմի ձեւավորմանը: Եվրո-2012-ը պետք է անցկացնեն Լեհաստանն ու Ուկրաինան:
ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ փոփոխություն չլինելու դեպքում Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան կորակազրկվի, իսկ երկիրն էլ կզրկվի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն ընդունելու իրավունքից: Հիմնախնդիրը լուծելու եւ իրավիճակը կայունացնելու համար Ուկրաինային տրվել է վերջնաժամկետ մինչեւ փետրվարի 4-ը:





























