ԱՄՆ-ի «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի պրոֆ. Դեյվիդ Ֆիլիպսը թուրքական Zaman թերթին հարցազրույց է տվել «Թուրքերի եւ Իրաքի քրդերի միջեւ վստահության ստեղծումը» զեկույցի շուրջ, միեւնույն ժամանակ հետաքրքիր պարզաբանումներ տալով նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Ֆիլիպսը հերքել է այն տեսակետը, որ քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը ամերիկյան նախագիծ է, համարելով այն զուտ թուրքական ժողովրդավարացման նախաձեռնություն, որը ձեռնտու է Թուրքիային։ Ֆիլիպսը գտնում է, որ եթե Թուրքիայի վարչապետ Էրդողանը կարողանա քրդական PKK-ն, առանց որեւէ բախման, զինաթափել ու միեւնույն ժամանակ ճանաչի քրդական ժողովրդի ինքնուրույնությունը քաղաքական հարթությունում, ուրեմն կարող է Նոբելյան մրցանակ ստանալ։
Ըստ Ֆիլիպսի, Թուրքիա-Հայաստան հաշտեցումն արդեն հասունացել է, սակայն նա չի հավատում, որ Թուրքիան կազատվի Հայոց ցեղասպանության գլխացավանքից։ Ֆիլիպսը գտնում է, որ արդեն բաց սահմանների, բաց դատողությունների եւ բաց սրտերի ժամանակաշրջան է։
Zaman. — Դուք PKK-ի զեկույցից շատ առաջ պատրաստել էիք հայ-թուրքական հաշտեցման զեկույց։ Այժմ նույնիսկ ճանապարհային քարտեզ կա։ Թուրքերի մեծ մասը աջակցում է հայ-թուրքական հաշտեցմանը, որպեսզի ազատվի ամեն տարի Ամերիկյան եւ Եվրոպական խորհրդարանների օրակարգ մտնող ցեղասպանության ճանաչման օրինագծերից։ Ձեր կարծիքով հայերը այդ պահանջներից կհրաժարվե՞ն։
Դեյվիդ Ֆիլիպս.- Կարգավորման եւ ծանուցողական համաձայնագիրը յուրացնելը հայտնի մի ժամանակահատվածում ավարտվող իրադարձություն է։ Միաժամանակ՝ թուրքերի եւ հայերի միջեւ հաշտեցումը երկարատեւ եւ չափազանց շատ շփումներ պահանջող մի գործընթաց է։ Սահմանները բացելով՝ հայերը եւ թուրքերը համաձայնության կգան։ Դա փոխըմբռնումը կխորացնի եւ կարագացնի հաշտեցումը։ Սակայն չի նշանակում, որ հայերը կհրաժարվեն ցեղասպանության ճանաչման պահանջներից։
Zaman. — Բայց պատմաբանների հանձնաժողով է ստեղծվում։ Եթե այդ հանձնաժողովը ասի, որ դա ցեղասպանություն չէր, հայերը չե՞ն հրաժարվի ցեղասպանության ճանաչման պահանջներից։
Դեյվիդ Ֆիլիպս. — Ես կասկածում եմ, որ այդ հանձնաժողովը կողմերից որեւէ մեկին գոհացնող մի արդյունքի կարող է հասնել։
Zaman. — Ղարաբաղի հարցի հետ կապված ի՞նչ եք մտածում։ Հաշտեցումը սառեցնելու վտանգ չկա՞։
Դեյվիդ Ֆիլիպս. — Սպասվում է, որ Մինսկի խումբը ավարտին է հասցնում մի համաձայնագիր, որով Ադրբեջանին կվերադարձվի պատերազմում կորցրած հողերի մեծ մասը։ Սակայն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը ապահովող համաձայնագիրը, ադրբեջանական հողերի հետ որեւէ կապ չունի։ Իմ կարծիքով, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մեծ աջակցություն կլինի Լեռնային Ղարաբաղի բանակցություններին։
Zaman. — Հայերն էլ «Էրգենեկոն» ունեն։ Նրանք կրկին կարող է Խորհրդարանի վրա հարձակվեն։
Դեյվիդ Ֆիլիպս. — Հայաստանում «Էրգենեկոն» լինելու փաստից տեղյակ չեմ, սակայն հաշտեցման դեմ դուրս եկողներ երկու կողմում էլ կլինեն։ Կան մարդիկ, ովքեր իրենց շահերը ունեն փակ սահմաններից։ Փառք Աստծո, որ դրանք փոքրամասնություն են։ Մեր առջեւ նախաստորագրված մի համաձայնագիր կա։ Թե Հայաստանում, թե Թուրքիայում այդ համաձայնագրի քննարկումները շատ թեժ են լինելու, սակայն վստահ եմ, որ երկու կողմի խորհրդարաններն էլ հավանություն կտան այդ համաձայնագրին։ Իմ կարծիքով, խնդիրն արդեն հասունացել է, եւ երկու կողմն էլ պատրաստ են հաշտեցման։ Արդեն բաց սահմանների, բաց դատողությունների եւ բաց սրտերի ժամանակաշրջանում ենք։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Դեյվիդ Ֆիլիպսը 2001-2004 թվականներին գործունեություն իրականացրած հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահն էր։




























