ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում շրջագայության է մեկնելու Սփյուռքի հայ գաղթօջախներ՝ արտերկրի հայերին ներկայացնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Այդ մասին Սերժ Սարգսյանն ասել է սեպտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ի հրամանագրով հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, ինչպես նաեւ բազմամյա անխոնջ եւ անձնվեր մարդասիրական գործունեության համար Քերոլայն Քոքսին պարգեւատրել է Պատվո շքանշանով:

Նշելով, որ այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է, եւ մոտակա օրերին Հայաստանում տեղի կունենան տարբեր ձեւաչափերով բազմաթիվ քննարկումներ, նախագահը Քոքսին ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի մի շարք հայաշատ գաղթօջախներ` լսելու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների կարծիքը համազգային նշանակության այս խնդրի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները, շեշտել, որ բանակցությունները չեն պարունակում որեւէ նախապայման: «Սա շատ բարդ, ցավոտ, բայց միաժամանակ անհրաժեշտ գործընթաց է»,- ընդգծել է նա: