Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ- գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում՝ Արմեն Սարգսյանը կարեւորել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնումը, որը կնպաստի հիշյալ ոլորտների զարգացմանը, միջազգային փորձի տարածմանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընկերության գործունեության ծրագրերին, մտքեր փոխանակել մեր երկրի զարգացման համար շահեկան նորարարական հեռանկարային գաղափարների շուրջ: