Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ ՀՅԴ կազմակերպած ստորագրահավաքին սեպտեմբերի 17-ի ժամը 18.00-ի դրությամբ միացել է մոտ 2 հազար մարդ: Այդ մասին այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նշելով, որ ստորագրահավաքի մասնակիցների հոսքը մեծանում է հատկապես երեկոյան ժամերին, ՀՅԴ ներկայացուցիչը նման զարգացումը պայմանավորեց աշխատանքային օրվա ավարտով։ Նրա հավաստմամբ, ցուցարարներին չի խանգարում անգամ անձրեւային եղանակը։
Հարցին, թե, ամեն դեպքում, ինչո՞վ կբացատրի ցուցարարների այդքան սակավաթիվ լինելը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց, որ իրենք են այդպես որոշել. 24 հոգին էլ բավական է, իսկ գիշերվա ժամերին նրանց թիվն անպայման կմեծանա։ Նրա խոսքերով, «կարեւոր չէ, որ մարդիկ քիչ են, ավելի կարեւորն այն է, որ հասարակությունը սթափվի եւ ընդվզի՝ թույլ չտալով իշխանություններին՝ սխալ քայլերի գնալ»։
Հրանտ Մարգարյանի հետ զրույցից պարզեցինք նաեւ, որ ինքն առայժմ չի մասնակցում ոչ հացադուլին, ոչ էլ նստացույցին, բայց «Աստված գիտի… ամեն ինչ կարող է լինել»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հրապարակվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները, որոնք պիտի վեց շաբաթվա ընթացքում քննարվեն երկու երկրներում, ապա վավերացվեն խորհրդարաններում: ՀՅԴ-ն նշում է, որ արձանագրություններն իրենց մեջ անթույլատրելի նախապայմաններ են պարունակում:



















