Ամերիկացի Հիկարու Նակամուրան շախմատի Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդների մեջ չէր նշվում: Սակայն հենց նա միանձնյա նվաճեց լեգենդար մրցաշարի հաղթողի տիտղոսը: Նակամուրան նաեւ ֆենոմենալ արդյունք ցույց տվեց` 13 հնարավորից 9 միավոր, +5: Նախորդ անգամ նման արդյունք 2006-ին ցույց էին տվել Անանդն ու Տոպալովը: Իսկ մրցաշարի նորագույն ժամանակաշրջանում ռեկորդը պատկանում է Գարի Կասպարովին` +7, 13 հնարավորից 10 միավոր:
Այսօր, հունվարի 30-ին կայացած վերջին տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Անանդը 8,5 միավորով գրավեց երկրորդ տեղը: Վերջինն ավարտվեց Արոնյանի եւ Լամիի պարտիան: Հայ գրոսմայստերը փորձում էր հաղթանակ տանել եւ միանձնյա գրավել երրորդ տեղը, սակայն ստացվեց ոչ ոքի եւ 8-ական միավորով երրորդ տեղն Արոնյանը կիսեց Կարլսենի հետ: Վեյկ Ան Զեեում ավանդաբար վերջնական աղյուսակում լրացուցիչ ցուցանիշ չեն հաշվարկում:




























