Արտաշիսյան 62 հասցեում ապակիների արտադրամասում պայթյունից տուժած 28-ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, մարմնի այրվածքային մակերեսը կազմում է 80 տոկոս: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն այրվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ տուժածը իրենց կենտրոն է տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ-ից:

ՀՀ ԱԻՆ–ից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Արտաշիսյան 62 հասցեում գտնվող ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են. կան տուժածներ:

Տուժածներ Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ Է. Հ.-ն  «Էրեբունի» եւ Ս. Հ.-ն «Աստղիկ» ԲԿ-ներից տեղափոխվել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Է. Հ.-ինը՝ ծանր: