Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Ողջունելով բարոնուհուն՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բարոնուհուն՝ իր հայանպաստ գործունեության համար:

Բարոնուհի Քոքսը, ընդգծելով, որ 1988 թ.-ից սերտորեն կապվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամը, ասել է, որ շարունակելու է իր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի:

Քերոլայն Քոքսի խնդրանքով՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակն իր աջակցությունն է հայտնել հայ-թուրքական հարբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ նշելով, որ բնականոն հարաբերությունների հաստատումը երկու հարեւան պետությունների միջեւ կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: