ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխության նպատակ չի հետապնդում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

«Նման նպատակ չունենք,- պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ ասել է Մեթիսը:- Մենք ուզում ենք, որպեսզի նրանք փոխեն իրենց պահվածքը մի շարք սպառնալիքների հարցում, որոնք կարող են ներկայացնել՝ հաշվի առնելով նրանց ռազմական ներուժը»:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իրանական միջուկային ծրագրի գործարքից Վաշինգտոնի դուրս գալու մասին, որը սահմանափակում է Թեհրանի կողմից միջուկային փորձարկումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից միակողմանի սահմանված սահմանափակումների չեղարկման դիմաց:

Թրամփը խոստացել է ոչ միայն վերադարձնել նախկին պատժամիջոցները, այլեւ նորերը սահմանել: Մայիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Թեհրանի վրա աննխադեպ ճնշում գործադրել, այդ թվում՝ պատժամիջոցների պատմության մեջ ամենախիստ սահմանափակումները սահմանել, եթե Իրանը չփոխի քաղաքական կուրսը: