Արաբական Աֆրիկայի երկրներում տեղի ունեցող իրադարձությունների շարունակությունը կհանգեցնի բացարձակապես նոր Մերձավոր Արեւելքի ստեղծմանը: Այն լարված հարաբերություններ կունենա Արեւմուտքի հետ եւ մեծ վտանգ կներկայացնի Իսրայելի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նա չբացառեց նաեւ իսլամիստական կազմակերպությունների դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արեւելքում:

«Այդ միտումը նկատվում է ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ ամբողջ մուսուլմանական աշխարհում»,- նշեց փորձագետը:

Սերգեյ Մինասյանի կարծիքով, Մերձավոր Արեւելքի երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հիմքում ծանր սոցիալ-տնտեսական վիճակն է:

«Պատահական չէ, որ ամեն ինչ սկսվեց արաբական Աֆրիկայի ամենակրթված երկրից` Թունիսից: Երիտասարդությունը, կրթություն ստանալով Արեւմուտքում, փորձում է այն կիրառել հայրենիքում: Նման երեւույթ եղել է Իրանում եւ Միջին Ասիայում»,- նշեց Մինասյանը:

Նրա խոսքով, արաբական երկրների օրինակից չի խուսափի նաեւ հարեւան Ադրբեջանը, եթե նավթադոլարների գոնե մի մասը չուղղի սոցիալական ծախսերին: